ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սա թանկ բիզնես է, որը պահանջում է արյուն ու քրտինք թափել»

«Սա թանկ բիզնես է, որը պահանջում է արյուն ու քրտինք թափել»
21.11.2017 | 12:38

Բնական պայմաններում մարգարիտն աճում է հինգից քսան տարում, իսկ արհեստական պայմաններում այն կարելի է աճեցնել ընդամենը մեկ տարում: Այսօր արհեստական պայմաններում աճեցրած մարգարիտը բնական մարգարտից գնով և տեսքով գրեթե չի տարբերվում, միայն դրանց ձեռքբերման ճանապարհներն են տարբեր: Ծոցի երկրներից արտահանվող մարգարիտները շուկայում բարձր գին և պահանջարկ ունեն: Այդ երկրների թվում է նաև ԱՄԷ-ն:

ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում Suwaidi Cultured Pearl ընկերությունը մասնագիտացած է արհեստական պայմաններում մարգարիտներ աճեցնելու գործում: Ընկերությունն ունի ֆերմա, որն առաջինն է Ծոցի երկրներում: 2004-ին հիմնադրված ընկերությունից հաջողության հասնելու համար տասը տարի է պահանջվել: Վերհիշելով գործունեության առաջին տարիները՝ հիմնադիր ԱԲԴՈՒԼԱ ԱԼ ՍՈՒՎԱԻԴԻՆ նշում է. «Ես ընկերության առաջնակարգ աշխատողներից էի, անձամբ էի սուզվում և ծովի հատակից հավաքում խեցիները, սովորում տեղադրման մեթոդը: Սա թանկ բիզնես է, խլում է մեր խնայողությունների մեծ մասը, բայց կրքոտ նախագիծ է, որը պահանջում է արյուն ու քրտինք թափել»:


Ֆերման հիմնադրելիս նրա նպատակն է եղել պահպանել իր նախնիների թողած ժառանգությունը: Սուվաիդիի պապը եղել է մարգարիտ որոնող վերջին սուզորդներից, թանկարժեք քարեր գտնելու համար շատ վտանգավոր ծովային ճամփաներ է կտրել: Բիզնեսմենը վերհիշում է մանկության տարիներին լսած պատմությունները, որոնց համաձայն, շատ սուզորդներ հիվանդությունների և դժբախտ պատահարների պատճառով չեն վերադարձել ծովի խորքերից, նրանց ձեռքերը կոշտացել են խեցի կտրելով: Չնայած դժվարություններին, մարդիկ շարունակել են սուզվել, քանի որ մարգարտի որոնումն էմիրաթցիների կյանքի անբաժան մասն է եղել, իսկ նրանց գտած մարգարիտը՝ եկամտի աղբյուրը: Ծոցում մարգարտի առևտուրը հարյուրամյակների պատմություն ունի: ՈՒսումնասիրությունների համաձայն այս տարածաշրջանը մինչև 1950-ական թթ. ապահովել է շուկայի ավելի քան 70 տոկոսը: Արտադրության գագաթնակետը եղել է 1900-ին: Հայտնի է, որ այս շրջանում 22000 ձկնորս է զբաղված եղել խեցիների որոնումով, սակայն հետագայում Ծոցի մարգարտի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, վրա են հասել ծանր ժամանակներ:

Պատճառը արհեստական պայմաններում մարգարիտ աճեցնելու ճապոնացի ձեռնարկատեր Կոկիչի Միկիմոտոյի փորձն է, որից հետո շուկայում հայտնվել են ավելի էժան քարեր՝ անհավասար մրցակցություն ստեղծելով Ծոցի ձկնորսների համար: Սա արհեստական մարգարտի արտադրության մոլուցքի շրջան էր Ճապոնիայում և Չինաստանում, իսկ Միջին Արևելքին նույն շրջանում համակել էր նավթի մոլուցքը: ԱՄԷ-ն նավթային օջախների հայտնաբերումից հետո կենտրոնացել էր արտադրության այս ճյուղի վրա, ինչի շնորհիվ կտրուկ վերելք է ապրում տնտեսությունը, իսկ մարգարտի որոնումը բոլորովին մոռացության է մատնվում:


Բայց էմիրաթցիները նախանձելի վերաբերմունք ունեն իրենց ավանդույթների, պատմական անցյալի նկատմամբ, ինչպես նաև ունեն գնահատանքի արժանի բիզնես մտածողություն, որը կարողանում են օգտագործել ի շահ իրենց երկրի: Նույն այդ մղումով տասնամյակներ անց Աբդուլա ալ Սուվաիդին կապ է հաստատել Ճապոնիայում Իմուրա ընտանիքի հետ, որը մասնագիտացած է արհեստական պայմաններում մարգարտի աճեցման գործում: 2004-ին նրանք օգնում են Սուվաիդիին ճապոնական մեթոդը ներդնելու Ռաս ալ Խայմա էմիրությունում հիմնադրված ֆերմայում. «Ես այս խնդիրն իրականացնելիս պատմական և մշակութային պատասխանատվություն էի զգում: Ծոցում հայտնաբերված մարգարիտները զարդարել են թագավորներին, թագուհիներին, սակայն տարիների ընթացքում այս արտադրությունը տեղափոխվել է Ասիա»:


Նրա նպատակն է եղել հետ բերել թանկարժեք քարերի շուկայում ԱՄԷ-ի առաջնային դերը: Այսօր ճապոնական մեթոդի շնորհիվ ընկերությունն արտադրում է տարեկան 40000 մարգարիտ, որոնց չափերը հասնում են 7-9 մմ-ի: Քարերն արհեստական ճանապարհով չեն ներկվում, լինում են սպիտակ և կրեմագույն՝ շամպայնի կամ արծաթագույնի երանգավորմամբ: Ընկերության մարգարիտները որակական չափանիշներով գնահատվում են A, B, C կարգի, հաջողության գրավականը նաև ջուրն է: Ռաս ալ Խայմա էմիրության տաք ջուրը նպաստում է, որ խեցիները կարճ ժամանակում պատրաստեն որակյալ մարգարիտ: Այն, ինչ արտադրվում է Ճապոնիայում տասներկու-տասներեք ամսում, Ծոցում արտադրվում է ընդամենը երեք-չորս ամսում: Քանի որ Suwaidi Cultured Pearl ընկերությունը կարողանում է արդեն անհրաժեշտ քանակությամբ մարգարիտ մտցնել շուկա, ժամանակն է բիզնեսը տեղափոխելու այլ մակարդակ, և ընկերությունն աշխատում է սեփական ապրանքանիշը ներկայանալի դարձնելու ուղղությամբ: Չնայած պետք է նշել, որ էմիրաթյան մարգարտով արդեն հետաքրքրված են զարդերի պատրաստմամբ զբաղվող հայտնի ընկերություններ, օրինակ, Mouawad-ը: Վերջինիս հետ համագործակցությամբ ստեղծվել է երկու թանկարժեք նմուշ՝ «Լուսնային մարգարտի կոմպլեկտը» և «Անմահությունը»:


Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ ընկերությունը բիզնեսի զարգացման համար նոր նախագիծ է մշակում: 2018 թ. հունվարին Ռաս ալ Խայմա էմիրությունում գտնվող ֆերման իր դռներն է բացելու նաև զբոսաշրջիկների առջև: Նրանք հատուկ հագուստով կարող են սուզվել ընկերության ֆերմայի ջրային տարածք, որոնել մարգարտի խեցիները: Սա յուրահատուկ էքսկուրսիա է, որի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալու տարածաշրջանում մարգարտի հայտնաբերման պատմությանը, ներկայիս արտադրության մեթոդներին: Ի դեպ, նախագիծն ուղղված է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև ԱՄԷ-ի երիտասարդ սերնդին, որպեսզի չմոռացվեն ավանդույթները:


ԱՄԷ-ի մարգարտի նախկին փառքի վերականգնմամբ մտահոգ է նաև պետությունը. պարբերաբար կազմակերպվում են ֆորումներ, ցուցահանդեսներ, տենդերներ, իրականացվում են ներդրումային ոլորտի բարեփոխումներ, մարգարտի առքուվաճառքով զբաղվողների համար ազատ գոտիներում սահմանվում են արտոնություններ:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ